Հնարավոր նոր միջուկային գործարքի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմումը Իրանի բարձրագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, ռազմական գործողություններից խուսափելու փորձ է, կիրակի օրը Fox News-ին է հայտարարել  ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

«Մեզ պետք չէ ամեն ինչ ռազմական ճանապարհով լուծել,- ասել է նա։- Իրանին ուղղված մեր ազդանշանն է՝ եկեք նստենք ու տեսնենք՝ կարո՞ղ ենք երկխոսության ու դիվանագիտության միջոցով հասնել անհրաժեշտ արդյունքի։ Եթե ​​կարողանանք, պատրաստ ենք դա անել։ Իսկ եթե չկարողանանք, ապա այլընտրանքը լավագույնը չէ»:

Ավելի վաղ Ուիտկոֆը լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում խոսել էր Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղած նամակի մոտավոր բովանդակության մասին։

Ըստ նրա, Թրամփը նամակը գրել է ոչ թե նրա համար, որ թույլ է, այլ այն պատճառով, որ չի ցանկանում ռազմական գործողության դիմել։

«Նամակում մոտավորապես ասվում էր՝ ես խաղաղության նախագահ եմ։ Սա այն է, ինչ ես ուզում եմ: Մենք ռազմական ուղով գործելու պատճառ չունենք։ Մենք պետք է խոսենք։ Մենք պետք է վերացնենք թյուրիմացությունները։ Մենք պետք է ստեղծենք ստուգման ծրագիր, որպեսզի ոչ ոք չանհանգստանա, որ ձեր միջուկային նյութը կարող է որպես զենք օգտագործվել: Եվ ես կուզենայի, որ հենց այդպես լիներ, քանի որ այլընտրանքն այնքան էլ լավը չէ»։

Դա մոտավորապես այն է, ինչ ասվել է, մոտավորապես», - պատմել է Ուիտկոֆը: