49-ամյա Ժաննան 13–ամյա դստեր հետ բնակվում է Այնթապի հին ու անբարեկարգ տնակում՝ անմխիթար պայմաններում։ Ամուսնալուծվելուց հետո նա դուրս է եկել ամուսնու տնից, սկզբում տուն է վարձակալել, ամսական 100.000 դրամ է տվել փայտե տնակի համար, որը տարրական պայմաններ չի ունեցել։ Տան խոնավության պատճառով երեխայի մոտ առաջացել է խրոնիկ հազ, որը մինչեւ օրս չի կարողանում բուժել՝ ֆինանսական խնդիրների պատճառով։
Վերջերս բարեկամներից մեկը որպես օգնություն թույլ է տվել նրան ու դստերը անվճար բնակվել իր հողատարածքում տեղադրված վագոն–տնակում։ Տան պայմանները անմխիթար են, սակայն Ժաննան շնորհակալ է. ասում է՝ վարձակալած փայտե տնակում շատ ավելի վատ պայմաններ էին։

Ժաննան աշխատում է որպես հացթուխ. աշխատավարձը հազիվ բավականացնում է դպրոցական դստեր ու իր առաջնային կարիքները հոգալու համար։ Ընտանիքը նպաստ չի ստանում, ալիմենտ՝ նույնպես, քանի որ ամուսնալուծությունը պաշտոնապես չի գրանցվել։
Վերջին անգամ Ժաննան 4 տարի առաջ է օգնություն ստացել Այնթապի համայնքապետարանից, որպեսզի մասամբ հոգա քաղցկեղից բուժման ծախսերը։
Անցած տարի նա կրկին դիմել է համայնքապետարանին օգնության համար, սակայն մերժել են՝ պատճառաբանելով, որ օգնություն տրամադրվում է միայն բազմազավակ ընտանիքներին։
Ժաննայի ընտանիքի անդամները, նաեւ երկու ավագ որդիները, որոնք արտագնա աշխատանքի են մեկնել, երբեմն որոշ չափով օգնում են, բայց Ժաննայի խոսքով, իրենց ընտանիքների ծախսերը հազիվ են հոգում, ի վիճակի չեն լուծելու իրենց մեծ խնդիրները։ Ժաննան դեռ նախորդ տնակի սեփականատիրոջը վարձակալության գումար է պարտք, նաեւ խանութից է հաճախ ստիպված եղել սնունդ վերցնել եւ պարտք կուտակել։
Ժաննան ասում է՝ եթե գտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն փակել պարտքը, ինքն իր աշխատանքով կկարողանա հոգալ իր եւ դստեր առօրյա ծախսերը՝ հաշվի առնելով, որ հիմա արդեն ստիպված չէ տան վարձ տալ։





























