ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի արևմտյան շրջանում տարհանման հրամաններ են տրվել երեք անտառային հրդեհների պատճառով, որոնք բռնկվել են կիրակի երաշտային պայմանների հետևանքով, հայտնում է NBC News-ը։
Ըստ Փոլք շրջանի խոսնակ Քելի Քենոնի, կիրակի կեսօրին Գրին Ռիվեր Քոուվում հրդեհն ընդգրկել է ավելի քան 1200 ակր, Դիփ Վուդում՝ 1700 ակրից մի փոքր ավելի, իսկ Ֆիշ Հուքում՝ 199 ակր տարածք։
Նա հայտնել է, որ երկու ավելի խոշոր հրդեհները մեկուսացվել են 0%-ով, իսկ Ֆիշ Հուքինը՝ 50%-ով: Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հյուսիսային Կարոլինայում սկսվել է անտառային հրդեհների ամենամյա գարնանային սեզոնը, և Անտառային պետական ծառայությունը ուրբաթ օրը անտառի հրկիզման արգելք է սահմանել ամբողջ նահանգի տարածքում:
Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը կիրակի արտակարգ դրություն է հայտարարել նահանգի հյուսիսարևմտյան մասում գտնվող Պիկենս շրջանում բռնկված հրդեհի պատճառով: Արտակարգ դրություն հայտարարելը թույլ է տալիս օգտագործել պետական ռեսուրսները և այլ օգնություն:
Կիրակի ցերեկը հրդեհի մակերեսը կազմել է 300 ակր և շարունակում է աճել, հայտնել է նահանգի Անտառտնտեսության հանձնաժողովը: Հրդեհը սկսվել է ուրբաթ օրը։ Հյուսիսային Կարոլինայի արևմտյան մասը և Հարավային Կարոլինան սեպտեմբերին տուժել էին «Հելեն» փոթորկից, ինչը նպաստել է հրդեհների աճին, ասել է հանձնաժողովը:
Գրեթե ամբողջ Հյուսիսային և Հարավային Կարոլինաները դասակարգվել են որպես «անսովոր երաշտային» կամ չափավոր երաշտային ԱՄՆ-ում երաշտի մոնիտորինգի կողմից, որը համագործակցում է պետական կառույցների, ներառյալ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության և Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության, հետ:





























