Կիրակի վաղ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի գիշերային ակումբում, որը, ըստ ոստիկանության պնդման, ոչ աշխատանքային ժամերին գործում էր որպես անօրինական բար։ Վեց մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են, հայտնում է ABC News-ը:

Հրաձգությունը տեղի է ունեցել «Սթրիփ» առևտրի կենտրոնի «Լատինաս» սպորտ-բարի մոտ, հայտնել է Հյուսթոնի ոստիկանության պետի օգնական Ջեյմս Սքելթոնը հաստատության մոտ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը շրջափակված է ոստիկանական ժապավենով:

Նա հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 3-ին մոտ ոստիկանության դիսպետչերն ահազանգ է ստացել, որ մի քանի մարդու կրակել են Հյուսթոնի հարավ-արևմուտքում գտնվող բարում:

Ժամանելուց հետո ոստիկանության սպաները և Հյուսթոնի հրշեջ ծառայության աշխատակիցները գտել են երեք տուժածի, բոլորը չափահաս տղամարդիկ, հրազենային վնասվածքներով, որոնք տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ, ասել է Սքելթոնը:

Ըստ նրա, ևս երեք տուժածի հիվանդանոց են հասցրել մասնավոր մեքենաներով։

«Ներկայումս չորս հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,- ասել է Սքելթոնը՝ հավելելով, որ բոլոր տուժածները վիրահատության են ենթարկվել։

Քննիչները, ուսումնասիրելով տեսախցիկների տեսագրությունները, հայտնաբերել են կադրեր, որտեղ երկու տղամարդ, որոնց Սքելթոնը կասկածյալներ է անվանել, սև Toyota Camry-ով կամ Corolla-ով փախչում են դեպքի վայրից: Նա հավելել է, որ կասկածյալների ինքնությունը դեռ պարզված չէ։