2011-ին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ոչ մի զգալի առաջընթաց չի գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նա նշեց, որ, խոշոր հաշվով, ղարաբաղյան խնդիրը բավական բարդ է եւ դժվար լուծելի: «Ես այն քաղաքագետներից եմ, ովքեր տարեց տարի ակնկալում են արագ փոփոխություններ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում»,-ասաց նա:

Թեեւ զգալի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, այդուհանդերձ, ըստ Բոզոյանի, մի հանգամանք բավական անհանգստացնող է: «Պարբերաբար խոսվել է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին: Այն, որ ստատուս քվոն պետք է փոխել, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նորություն չէ, սակայն երբ իրավիճակը շփման գծում լարվեց, դա արդեն անհանգստություն է առաջացնում: Նման ձեւով հարցադրում անելն իր մեջ սպառնալիք է պարունակում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին, պահանջելով արագացնել խնդիրների լուծումը»,-ասաց քաղաքագետը:

Նրա գնահատմամբ, ԼՂ խնդրի լուծման գործընթացում ձեւավորվել է օբյեկտիվ իրավիճակ եւ մոտ ժամանակներս պետք չէ սպասել արմատական փոփոխությունների: