Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է անվտանգության այն համընդգրկուն համակարգը, որն ունի միությունը։ Այս մասին Ազգային ժողովում, եվրոպական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում,  երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, մարտի 24-ին ասել է «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի հարցին։

Վերջինը, մասնավորապես, հարցրել է, թե անվտանգության ոլորտում ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը ԵՄ-ից։ «Մենք ակնկալում ենք ստանալ այն անվտանգությունը, որն առկա է Եվրամիությունում ԵՄ-ին անդամակցելու գործընթացում։ Այս քայլը թույլ կտա այն տարածել Հայաստանի Հանրապետության վրա։ Երբ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, այն ըստ էության մաս կկազմի նույն անվտանգության համակարգի, ինչ ունի միությունը։ Անվտանգությունը բազմաբաղադրիչ երեւույթ է։ Խոսքը միայն ռազմական կամ պաշտպանության մասին չէ, այլ նաեւ տնտեսության, ժողովրդավարության եւ համապարփակ անվտանգություն ապահովող ինստիտուտների: Դառնալով Եվրամիության անդամ կամ շարժվելով այդ ուղղությամբ՝ մենք անհամբեր կսպասենք հնարավորության՝ մտնելու անվտանգության այս հովանոցի տակ»,- հավաստիացրել է Զեյնալյանը։

Հիշեցնենք, որ նախագծի նախաձեռնողը «Ժողովրդավարական ուժերի հարթակ» քաղաքացիական նախաձեռնությունն է, որին հաջողվել է 2 ամսում հավաքել 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվում է 50 հազար ստորագրություն)։ Այս ստորագրություններն անհրաժեշտ էին նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար։ Նախագիծը 2024թ. հունվարի 9-ին արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։