Իրանական առաջին ատոմակայանը՝ «Բուշեր»-ը, որի շինարարությամբ զբաղվում են ռուսաստանցի մասնագետները, ի դեմս «Атомстройэкспорт»-ի, չի գործարկվի մինչեւ տարվա վերջ։ Այս մասին նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն։
«Այս հարցում մենք լուրջ արդյունքների կհասնենք տարվա վերջին, սակայն ատոմակայանը դեռեւս չի գործարկվի»,- հայտարարել է Շմատկոն, նշելով, որ ռուսաստանցի մասնագետների աշխատանքն Իրանում բարձր է գնահատվում, եւ կողմերի միջեւ մինչ այժմ տարաձայնություններ չեն եղել։ «Մեր երկիրը մտադիր է իրականացնել այս նախագծի իր բոլոր պարտավորությունները»,- ավելացրել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը։ Թեհրանը եւ Մոսկվան դեռեւս չեն քննարկել ատոմակայանի գործարկման հարցը, ժամկետները «կճշտվեն՝ տեխնիկական պայմաններից ելնելով»,- ընդգծել է Շմատկոն։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուժերդին զարմանք է հայտնել Բուշերյան ատոմակայանի գործարկման հետաձգման առիթով։
Նշենք, որ 1000Մ/Վտ հզորությամբ «Բուշեր» ատոմակայանը ռուս-իրանական առեւտրատնտեսական համագործակցության հիմնական օբյեկտն է։ Դրա շինարարությունը սկսվել է դեռեւս 1970թ.։ Ատոմակայանի գոծարկման վերաբերյալ մասին հայտարարություններ մեկ ամգամ չէ, որ արվել են։ Այն մասին, որ այն կարող է գործարկվել մինչեւ տարվա վերջ, փետրվարին հայտարարել էր «Росатом»-ի նախագահ Սերգեյ Կիրիենկոն։ Ավելի ուշ նա Մոսկվայում հստակեցրել էր, որ դրա գործարկման առումով պետք չէ շտապել. չէ՞ որ «պետք է հետեւել ոչ թե ժամկետներին, այլ անվտանգությանը եւ հուսալիությանը»։




























