Մենք օրինական պահանջ ենք ներկայացնում՝ ողջամտորեն 5 րոպեում ճանապարհը բացեք, այլապես կձերբակալենք եւ կտանենք ոստիկանության կենտրոնականի բաժին: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, քաղաքապետարանի դիմաց Վարդաշենի հանրակացարանային երկու շենքերի բնակիչներին դիմելով հայտնեց ոստիկանության աշխատակիցը:
Նշենք, որ Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներ նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել:
Այս պահին բնակիչները փակել են ճանապարհը:
Ի պատասխան Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն էլ նշեց. «Մենք էլ օրինական պահանջ ենք ներկայացնում, մեկ տարի ժամանակ են տվել Վարդաշենի 6-րդ փողոցի 2 հանրակացարանային շենքերի բնակիչներին տարհանելու: Մինչ այս պահը այս մարդկանց կյանքը վտանգված է: Մենք էլ ողջամիտ ժամկետ ենք տալիս, թող իջնեն, որ մենք էլ բացենք երթեւեկությունը: Այստեղ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բայց էս բնակիչների կյանքը վտանգված է»:
Ի վերջո, որոշ ժ-ամանակ անց փողոցը բացվեց, քանի որ քաղաքապետարանից հայտնեցին, որ պատրաստ են հանդիպել բնակիչների հետ՝ յուրաքանչյուր շենքից 3 ներկայացուցիչ:




























