Apple ընկերությունը նախատեսում է iPad պլանշետային համակարգիչների երրորդ սերունդը թողարկել ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի ծննդյան օրը` փետրվարի 24-ին: Աշխատանքը ժամանակին ավարտին հասցնելու համար ընկերությունը կաշխատի նաեւ ամանորյա տոներին:
2012թ. առաջին եռամսյակում նախատեսվոււմ է 9,5-9,8 մլն նոր iPad արտադրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Apple-ն իր պլանշետները շուկա էր հանել գարնանը. iPad -ի առաջին մոդելները վաճառքի էին հանվել 2010թ. ապրիլին, իսկ երկրորդ սերունդը` 2011թ. մարտին:
Համաձայն ոչ պաշտոնական տվյալների` նոր iPad-ը մոտ 0,7 մմ ավելի հաստ կլինի նախորդից, ինչն անհրաժեշտ է ավելի մեծ կետայնությամբ էկրանի` նրա հիմնական նորարարության տեղակայման համար: Նոր iPad-ների եւ Apple-ի արտադրած մնացած սարքերի դիսփլեյը կարտադրի ճապոնական Sharp ընկերությունը, որը կփոխարինի ներկայիս մատակարար Samsung-ին:
Սպասվում է, որ նոր iPad-ի էկրանը 2048x1536 կետայնություն կունենա, ինչը քառապատիկ ավելի է եղած պլանշետներից:




























