Չի կարելի ասել, թե Հայաստանը գոհ է Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների առաջընթացից։ Այս մասին Ազգային ժողովում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում կառավարության 2024թ. ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները Եվրամիության հետ օրակարգային միակ հարցն են, որի շուրջ Հայաստանին չի գոհացնում համագործակցության մակարդակը»,- ասել է փոխնախարարը։
Հայաստանի ԱԳՆ-ն, նրա խոսքով, բազմաթիվ բողոքներ է ստանում քաղաքացիներից։ Դրանք հիմնականում վերաբերում են վիզաների տրամադրման ուշացումներին։ «Իսկ դրանց հոսքը չի նվազում։ Ներկայում բանակցություններ են վարվում ԵՄ առանձին երկրների հետ նոր հյուպատոսարաններ բացելու շուրջ»,- ավելացրել է Հովհաննիսյանը։
Նա նաեւ հիշեցրել է, որ ԵՄ համապատասխան կառույցների հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսվել են 2024թ. դեկտեմբերին։ Հաջորդ փուլը տեղի կունենա Երեւանում ապրիլի 7-11-ը։
Հարցին, թե որքան ժամանակ կարելի է ակնկալել, որ ստորագրվի համապատասխան համաձայնագիրը, ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես. ասել է. «Մեր եվրոպացի գործընկերները միշտ խուսափում են կոնկրետ ժամկետներ կամ վերջնաժամկետներ նշելուց։ Բայց եթե հաշվի առնենք համաձայնագիրը ստորագրած մյուս երկրների փորձը, ապա բանակցությունները տեւել են 3-ից 5-6 տարի։ Մենք այնքան լավ էինք պատրաստվել բանակցություններին, որ եվրոպացի մեր գործընկերները նույնիսկ ստիպված եղան խոստովանել, որ հաճելիորեն զարմացած են։ Ուստի կարծում եմ, որ մեր գործընթացն ավելի արագ կընթանա, քան մյուս երկրներինը»։





























