«Մոտ 15 հազար քաղաքացի արդեն հայտարարգիր է ներկայացրել, այստեղ այս պահի դրությամբ կարևորը ոչ թե քանակն է, այլ դինամիկան։ Երբ նայում ենք շաբաթական, թե ինչ է տեղի ունենում, կարծում եմ՝ մեր իրազեկման ակցիաներն իրենց օգուտը բերում են, այդ թվում նաև սոցիալական կրեդիտների շրջանակի ընդլայնում էլ իր օգուտը բերում է»։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ զրույցումա ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Այս պահի դրությամբ արդեն 7 հազարից ավելի քաղաքացիներ սոցիալական կրեդիտներ էլ են հետ ստացել՝ 600 մլն դրամից ավել։ Ինչ վերաբերում է իրազեկման արշավներին, այստեղ տարբեր թիրախներ ունենք, առաջինը մարզային այցերն են, նախատեսում ենք այս ամսվա վերջ ավարտել առաջին փուլը, և դրա արդյունքներով կորոշենք՝ լրացուցիչ ինչ այցերի կարիք կա։ Մյուս ուղղությունը այցերն են կազմակերպություններ, մենք խոշոր կազմակերպությունների հրավերով այցեր ենք կազմակերպում, բայց նաև փոքր կազմակերպությունների համար էլ ինքներս ենք նախաձեռնում։ Մյուսը, իհարկե, քաղաքացիների համար գործընթացը հեշտացելն է, վերջերս պատրաստել և շրջանառել ենք համապատասխան ուղեցույցներ»,–ասաց ՊԵԿ նախագահը։

Նա նշեց, որ աշխատանքներ են իրականացվում նաև թվային պլատֆորմի ուղղությամբ, կայքը և մոբայլ հավելվածը քաղաքացիների պահանջներից ելնելով  պարբերաբար թարմացվում է։

«Բացի այդ, աշխատում ենք նոր հավելվածի վրա, որը հնարավորություն է տալու հեռախոսի միջոցով ավելի հեշտ իրականացնել հայտարարագրումը»,–հավելեց Հակոբյանը։

Հարցին, թե ինչի հետ են կապված քաղաքացիների կողմից մտահոգությունները, ՊԵԿ նախագահը պատասխանեց.

«Մտահոգություններն ավելի շատ սովորելու պրոցեսի հետ են կապված, թվային պլատֆորմի հետ աշխատանքի, ես նշեցի, որ մենք մաքսիմալ ջանքեր ենք ներդնում, որ նրանք կարողնան շատ պարզ ձևով լրացնել հայտարարագիրը։ Տողեր կան, որ ավտոմատացնում ենք, որ ավելի հեշտ կարողանան լրացնել»։