Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ապրանքաշրջանառության մակարդակը հասցնել 1 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին` «ԻՐՆԱ»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի գլխավորած պատվիրակության Երեւան կատարած այցի ընթացքում:

Սալեհին Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները բնորոշել է իբրեւ յուրահատուկ` նշելով, որ երկկողմ դիվանագիտական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում:

«Հայաստանն Իրանի համար կարեւոր հարեւան է, եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները լավացել են 1991թ. Հայաստանի անկախության ձեռքբերման պահից սկսած», -  հավելել է նա:

ԻԻՀ ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, որ Իրանի նախագահի Հայաստան կատարած  այցի ընթացքում վեց կարեւոր փաստաթուղթ է ստորագրվել: Նա նշել է, որ քննարկվել են մաքսային խնդիրներ: Նախարարն ընդգծել է, որ Երեւանի եւ Թեհրանի տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները լուսավոր ապագա ունեն: Սալեհին երկու երկրների միջեւ տնտեսական կապերի հետագա զարգացման հույս է հայտնել: