2011 թվականը հագեցած էր Հայաստանի համար արտաքին քաղաքականության իմաստով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով, բարդ է նշել ինչ-որ կարեւոր իրադարձություն, քանի որ կարեւոր է ողջ օղակը եւ իրավիճակի ընդհանուր զարգացումը:

«2011թ. երկրում առաջընթաց է գրանցվել ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Չեմ կարող չնշել երկխոսությունը ընդդիմության հետ, որը թեեւ ավարտին չհասցվեց, սակայն դրական երեւույթ էր: Հայաստանում ձեւավորվում եւ զարգանում է քաղաքական կուլտուրան, ինչը չի կարելի չողջունել»,- նշել է Ալեքսանյանը:

Անդարդառնալով 2012-ի հնարավոր զարգացումներին, Ալեքսանյանը նկատել է, թե առջեւում ընտրություններ են, ինչն անխուսափելիորեն կավելացնի քաղաքական լարվածությունը երկրում:

Ալեքսանյանը խոսել է նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին: «Իրավիճակը շփման գծում շատ լարված էր, հակամարտության սրման վտանգ կար: Բայց դա Ադրբեջանի կիրառած քաղտեխնոլոգիաների արդյունքն է: 2012 թվականին իրավիճակը, դժվար թե կարգավորվի: Կարծում եմ` լարվածությունը կպահպանվի: Պատերազմը բացառում եմ, բայց շուտափույթ կարգավորման հեռանկարներ էլ չեմ տեսնում»,- ամփոփել Ալեքսանյանը: