Չեմ բացառում, որ մինչեւ 2026թ. ինչ-որ քայլեր կանեք, քանի որ ձեզ սարսափելի ժամանակներ են սպասվում։ Այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է «Հայաստան» խմբակցությանի պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։
Նա իշխանություններից պահանջել է կատարել իրենց խոստումները, որոնք, իր գնահատմամբ, չեն կատարվել։ Վարդանյանը հիշեցրել է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խոստացել էր կատարել քաղաքացիների բոլոր հանձնարարականները։ «Այս դեպքում մենք պահանջում ենք, որ այդ խոստումները կատարվեն 500 հազար թոշակառուների մասով»,- նշել է նա։
Պատգամավորը քննադատել է իշխանությունների դիրքորոշումը, որոնք պնդում են, թե առաջարկվող օրինագծով ոչինչ չի ստացվում։ «Սա ձեզ ոչինչ չի տալիս, բայց կոնկրետ արդյունք է տալիս 500 հազար թոշակառուների»,- ավելացրել է նա։
Վարդանյանը տեղեկացրել է, որ 1999-ին միջին կենսաթոշակը եղել է 4 225 դրամ, 2008-ին՝ արդեն 22 500 դրամ։ «Կենսաթոշակների չափն այս ընթացքում աճել է 5 անգամ, իսկ 2008-ին 2007-ի համեմատ աճել է ավելի քան 66 տոկոսով։ Միաժամանակ, 2018թ. կենսաթոշակների չափը կազմել է 40 113 դրամ՝ 2008թ. համեմատ կրկնապատկվելով։ 2018-ից մինչ օրս կենսաթոշակներն աճել են ընդամենը 22 տոկոսով»,- եզրափակել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ՀՀ կառավարությունը մերժել է «Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ առաջարկելով սահմանել, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի ամսական արժեքից։





























