2011 թվականը պատմության մեջ մտավ որպես «Արաբական գարնան տարի»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն` ամփոփելով անցած տարվա արդյունքները: Նրա կարծիքով, տարին ընդհանուր առմամբ «կարելի է խաղաղ համարել, որովհետեւ չնայած մոլորակի տարբեր կետերում հակամարտություններ են եղել, լայնածավալ պատերազմներին բանը չհասավ»:

«Այդ իմաստով անհանգստություն է հարուցում Իսրայելի ռազմատենչ հայտարարություններն Իրանի հասցեին: Եթե Թել-Ավիվը, այդուհանդերձ, որոշի հարված հասցնել Իրանի ատոմային օբյեկտներին, Հարավային Կովկասի երեք երկրներն էլ կհայտնվեն հարվածի տակ: Իհարկե, պատերազմի սկիզբ որպես այդպիսին կարող է չլինել, բայց եթե իրադարձությունները նման ընթացք ունենան, մենք չենք կարող դիրք գրավել եւ ասել, որ գործ չունենք: Կամա-ակամա մենք ներքաշված կլինենք դիմակայության մեջ»,- ասել է Ցինցաձեն: Փորձագետի կարծիքով, իրադարձությունների նման զարգացում հաջորդ տարում լիովին հնարավոր է:

Վերդառնալով 2011 թվականի թեմային, փորձագետը նկատել է, որ Հարավային Կովկասի համար ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղում փխրուն խաղաղության պահպանումն է: «Հարավային Կովկասը մեկ մեծ տուն է: Մեզ շատ է անհանգստացնում ղարաբաղյան հակամարտության հնարավոր սրումը: Եթե տանը քանդվի սենյակը, դա ողբերգություն կլինի ողջ տան համար»,- ասել է Ցինցաձեն: Վրաստանի համար նա կարեւոր է համարել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հայտնելը քաղաքական ասպարեզում: