Ուղղաթիռը կործանվել է Հարավային Կորեայի Ըյսոն շրջանում, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռում եղել է մեկ օդաչու։ Նա մահացել է։
Չորեքշաբթի Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն անտառային հրդեհները երկրի «պատմության մեջ վատթարագույնն» է անվանել։ 18 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, ավելի քան 20 հազար մարդ տարհանվել է։
Աղետի դեմ պայքարում ներգրավված են 128 ուղղաթիռ, ավելի քան 1,1 հազար զինվորական, մոտավորապես 3,1 հազար հրշեջ, մոտ 4,6 հազար պետականաշխատակից։ Իշխանությունները չեն բացառում, որ անտառային հրդեհները կարող էին սկսվել կրակի հետ անզգույշ վարվելու պատճառով։



























