Մեծամասնության արկածախնդրությունը շարունակվում է: Այս մասին խորհրդարանում Եվրոպական Միության անդամակցության գործընթացի սկզբի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենց դիրքորոշումը ոչ միայն մնացել է անփոփոխ, այլ ավելի է ամրապնդվել իրենց խոսքերի ճշմարտացիությունը։ «Հայաստան և ԵՄ հարաբերությունները պետք է ունենան բնականոն զարգացման ընթացք, ինչի հիմքը CEPA համաձայնագիրն է և այս ուղղությամբ Հայաստանի իշխանություններն ուղղակի անգործության են մատնված, ամենապարզ օրինակը վիզաների ազատականացման շրջանակներում է: Ոչ մի նորմալ գործողություն չեն ձեռնարկում այս ուղղությամբ, էլ չասած՝ հսկայական ճանապարհային քարտեզը, որ կա ու այս ուղղությամբ բան չեն անում»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ նման աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում կտրուկ շրջադարձը, երբ երկրի քաղաքականությունը տեղափոխում է լրիվ ուրիշ հարթություն, որը լի է վտանգներով, շատ դաժան ու իմ խորին համոզմամբ նաև վտանգավոր դրսևորումներ ունի։

«Մյուս կարևոր դիտարկումն այն է, որ ՀՀ-ն ներկայումս շատ հեռու է Եվրոպական Միության անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող Կոպենհագենյան չափանիշներից: Այս չափանիշներին մոտենալու համար մեծ քայլեր պետք է իրականացվեն, առաջին հերթին, ինչպես նշեցինք, հենց CEPA համաձայնագրի շրջանակներում, և այսօր ամպագոռգոռ հայտարարություններ անել և այն էլ բերել այսպիսի մի, ըստ էության, հայտարարություն, բայց ոչ օրենք և պարտադրել Հայաստանի պառլամենտին նման օրենքի ընդունումը, դա մերժելի է»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ Սահմանադրությունը հստակ պահանջ է սահմանում՝ անդամակցությունը հանրաքվեով պետք է իրականացվի, մնացած ամեն ինչը ձևական է, ավելին, բոլոր իրավասությունները, բացառիկ իրավասությունները Հայաստանի կառավարությանն են տրված այդ բանակցությունները վարելու և ոչինչ չի խանգարում այսօր նորմալ ընթացքով տանելու համար։