Ավստրալիայի իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում այն ​​բանից հետո, երբ երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Դրայսդեյլ գետում, որտեղ ապրում են ծովային կոկորդիլոսներ, զբոսաշրջիկն անհետացել է: Այս մասին հայտնել է The West Australian պարբերականը։

Նրա տվյալներով՝ որոնողական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ զբոսաշրջային խմբի կազմում ճանապարհորդող երկու հոգի ընկել են Դրայսդեյլ գետը (գտնվում է Դարվինից 1 120 կիլոմետր հարավ-արեւմուտք) եւ չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ նավ եւ քշվել են հոսանքով։ Ավելի ուշ փրկարարներին հաջողվել է գտնել անհետ կորածներից մեկին։ Նրան հաջողվել է ափ դուրս գալ ու բարձրանալ ծառը, որտեղ մոտ 10 ժամ անցկացրել է փրկության սպասելով։ Երկրորդի որոնումները դեռ հաջողությամբ չեն պսակվել։

Արեւմտյան Ավստրալիայի հրշեջ եւ արտակարգ իրավիճակների ծառայությունների վարչության (DFES) ներկայացուցիչն ասել է, որ ոստիկանությունը եւ շտապօգնության ծառայությունները կարողացել են ժամանել դեպքի վայր եւ սկսել որոնումները միայն զբոսաշրջիկների անհետանալուց մի քանի ժամ անց: Իսկ ավելի ուշ նրանց խնդիրը զգալիորեն բարդացել է անձրեւներով, որոնք անանցանելի են դարձրել ավելի քան 4 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող այգու արեւադարձային անտառներն ու ճահիճները։ «Այն տարածքը, որտեղ անհրաժեշտ է որոնողական աշխատանքներ իրականացնել, հնարավոր չէ ցամաքով հասնել ճահիճների պատճառով, իսկ գետում անձրեւների պատճառով ջրի մակարդակի բարձրացումը միայն սրել է իրավիճակը: Այնուամենայնիվ, մենք գիշեր-ցերեկ դեպքի վայրում ենք մնում՝ օգտագործելով փնտրելու բոլոր միջոցները»,- ասել է DFES-ի սպա Ջոն Հաթչիսոնը:

Արեւմտյան Ավստրալիայի կառավարության տվյալներով՝ Դրայսդեյլ գետի ավազանում բնակվում է կոկորդիլոսների ամենամեծ պոպուլյացիաներից մեկը: Այս գիշատիչների մեծ քանակի պատճառով ազգային պարկը, որով հոսում է Դրասդեյլը, կոչվում է նաեւ «կոկորդիլոսների երկիր»։ Այստեղ խստիվ արգելված է լողալը, ճամբար խփելը կամ նույնիսկ պարզապես գետի ափին գտնվելը։