Անկախ պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին դաշնակից Հովիկ Աղազարյանը քրեական գործը, որով նա դարձել է մեղադրյալ, գնահատել է որպես քաղաքական հետապնդում։ Խորհրդարանականը նման գնահատական է տվել Ազգային ժողովի նիստում՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ։
Նա անարդար է համարել ներկա իշխանության կողմից իր վրա գործադրվող ճնշումը։ Պատգամավորի խոսքով՝ ինքը խայտառակ վիճակում է հայտնվել իր կոշտ դիրքորոշման ու մի շարք հարցերում անզիջողականության պատճառով։ Դրանց թվում է հայ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը։ Աղազարյանի վարկածով՝ իր ընդդիմադիր ու անկախ դիրքորոշումը հարիր չէր Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այն ժամանակ նրա անմիջական ղեկավարն էր։
«Շատերը երեւի կհիշեն, որ ես գրեթե միակն էի, որըժամանակին ուղղակիորեն դեմ էի արտահայտվել Երեւանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածությանը»,- հիշեցրել է պատգամավորը։
Նախկին զինակիցը վարչապետին կոչ է արել նաեւ երրորդ անգամ չառաջադրվել, քանի որ դա անխուսափելիորեն կբերի Հայաստանում ավտորիտար ռեժիմի ձեւավորման։ Պատգամավորի խոսքով՝ իշխող կուսակցությունում ներքին քննադատությունը նրա հեռանալուց հետո էապես հասցվել է զրոյի։ Միեւնույն ժամանակ, Փաշինյանն ինքը դադարեցրել է խորհրդակցությունները կուսակիցների հետ եւ սկսել ընդունել երկրի համար կարեւոր որոշումներ՝ առանց ուրիշի կարծիքը հաշվի առնելու։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Ազգային ժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այն ժամանակվա պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ կոնֆլիկտ էր տեղի ունեցել, որը քիչ էր մնում վերաճեր ծեծկռտուքի։ Դրանից հետո շատ չանցած Քյարամյանը, ինչպես եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտոնանկ են արվել։ Հրաժարական է տվել նաեւ միջադեպին մասնակից իշխող կուսակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Աղազարյանը, սակայն, մերժել է հրաժարական տալու առաջարկը։ «Քաղաքացիական պայմանագրից» դուրս գալուց հետո նա դարձել է անկախ պատգամավոր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան «խնդրել» է վայր դնել մանդատը՝ մեղադրելով պետական անվտանգության եւ հակահետախուզության հետ կապված տվյալներ հրապարակելու մեջ։
Հովիկ Աղազարյանը կասկածվում է երկու ձեռնարկատերերի հովանավորչության մեջ Վերջինները ցանկանում էին ԱՄԷ արտահանել 150-200 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Գործի նյութերի համաձայն՝ պատգամավորն իբր գործարարներից պահանջել է 200-300 հազար դոլար՝ խոստանալով կազմակերպել վերոնշյալ արտահանումը։
Քրեական գործի երկրորդ դրվագով Աղազարյանը, ըստ քննիչների, քաղաքացի Արամ Մկրտչյանից 23 հազար դոլար եւ 300 հազար դրամ կաշառք է պահանջել՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 136 հիմնական դպրոցի վթարային շենքը քանդելու եւ բնակելի շենքի կառուցման համար տարածքը փոխանցելու համար։ Ինքը՝ Աղազարյանը, հերքում է գլխավոր դատախազության առաջադրած բոլոր մեղադրանքները։




























