Պարոն Աղազարյան, Դուք հայտարարեցիք, որ  «Ելք» դաշինքում քննադատել եք Նիկոլ Փաշինյանին և հիմա դրա համար են Ձեր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնում, սակայն  ինչպե՞ս եղավ, որ այդ դեպքերից հետո 3 անգամ ընտրվեցիք պատգամավոր: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում դիմելով Հովիկ Աղազարյանին՝ հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

ՔՊ-ականը հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք Հովիկ Աղազարյանը ցանկանում է պահպանել պատգամավորական անձեռնմխելիությունը, թե՞ ուզում է գնալ և քրեական գործը մինչև վերջ տանել:

«Ես պարոն վարչապետի հետ ծանոթացել եմ երևի 2012 թվականին, շատ արժանիքներ է ունեցել, շատ կարևորել եմ իր անձը և իր համաձայնությամբ որոշում եմ կայացրել ընդգրկվել իր թիմում: Սակայն, բոլորս էլ ունենք թերություններ։ Եվ դրանք տարբեր իրավիճակներում մեկ զարգանում են, մեկ չեն զարգանում:

Հիմա պարոն վարչապետն ունի թերություն, ինքն իրեն համարում է բացառիկ: Հիմա մենք էլ ենք ամբիցիոզ մարդիկ, ես դրանում վատ բան չէի նկատում, ես մտածում էի, որ ժամանակի ընթացքում, համով ձևով խոսելով, ընենց կանենք, որ ամեն ինչ նորմալ կլինի:

Սակայն, ժամանակը գնաց առաջ և այդ ամենն իր մոտ սրվեց, խորացավ: Իր այդ բացառիկության զգացումն իր մեջ նկատել եմ մեկ տարի առաջ, արդեն ինքը գրեթե ոչ մեկին չէր լսում: «Խաղաղության պայմանագրի» մասով  ես իրեն բազմաթիվ հարցեր եմ տվել, ինչպես նաև՝ անկլավների մասով, միշտ բացասական պատասխան եմ ստացել»,-ասաց Աղազարյանը:

Նա նաև հայտարարեց, որ իր ՔՊ-ական նախկին գործընկերները հիմա իրեն պետք է համարեն իրենց արմատական ընդդիմախոսն ու ինքը շատ ուրախ կլինի, որ արդյունքում դառնա «քաղաքական  բանկռոտ», այսինքն՝ այն անհանգստությունները, որոնք ունի, տեղին չլինեն: