Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը պարունակում է բավարար ապացույցներ, որոնք հաստատում են, որ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կատարել է ծառայողական հանցագործություն, ոչ թե խարդախություն։ Այս մասին մարտի 26-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին համախոհ, պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ՝ ի պատասխան պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
Պատգամավորը, ըստ Բագրատյանի, չի կարող ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ քաղծառայողների և բարձրաստիճան պաշտոնյաների վրա։ «Սա, ի դեպ, ամրագրված է Սահմանադրությամբ»,- նշեց Բագրատյանը։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ առանց երկրորդ կողմի ներկայության կաշառք չի կարող տրվել. «Առաջադրված մեղադրանքի դեպքում երբևէ չի ներկայացվել այն կողմը, որի միջոցով այն պետք է տրվեր, պարզվում է, որ այս գործողությունն իրականացնելու համար Աղազարյանը պետք է համաձայնության գար Էկոնոմիկայի նախարարության և ՊԵԿ-ի հետ»,- ասաց պատգամավորը։
Ի պատասխան՝ Վարդապետյանը նշեց, որ խորհրդարանը չի կարող դատարանի գործառույթներ կատարել միջնորդությունները քննարկելիս։ Այդ իսկ պատճառով մյուս կողմերի համար համապարփակ լսումներ չեն կազմակերպվում։ «Մենք ներկայացնում ենք բոլոր առկա ապացույցները, և դրանք, մեր կարծիքով, բավարար են պատգամավորին պատասխանատվության ենթարկելու համար»,- հավելեց գլխավոր դատախազը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Ազգային ժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև կոնֆլիկտ էր տեղի ունեցել, որը քիչ էր մնում վերաճեր ծեծկռտուքի։ Շուտով Քյարամյանը, ինչպես և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտոնանկ արվեցին։ Մանդատը դրեց նաեւ իշխող կուսակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ով մասնակցել էր միջադեպին։
Աղազարյանը, սակայն, հրաժարվել է վայր դնել մանդատը։ Քաղաքացիական պայմանագրից դուրս գալուց հետո դարձել է անկախ պատգամավոր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան «խնդրել էր» հրաժարական տալ՝ մեղադրելով պետական անվտանգությանն ու հակահետախուզությանը վերաբերող տեղեկություններ հրապարակելու մեջ։ Աղազարյանը մերժել էր վարչապետին:
Հովիկ Աղազարյանը կասկածվում է երկու ձեռնարկատերերի շահերը պաշտպանելու և առաջ մղելու մեջ։ Վերջինս ցանկանում էր ԱՄԷ արտահանել 150-200 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Գործի նյութերի համաձայն՝ պատգամավորն իբր գործարարներից պահանջել է 200-300 հազար դոլար՝ խոստանալով կազմակերպել վերոնշյալ արտահանումը։
Երկրորդ դրվագով Աղազարյանը, ըստ քննության, քաղաքացի Արամ Մկրտչյանից 23 հազար դոլար և 300 հազար դրամ կաշառք է պահանջել՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 136 տարրական դպրոցի վթարային շենքը քանդելը և բնակելի շենքի կառուցման համար տարածքը փոխանցելը կազմակերպելու համար։ Ինքը՝ Աղազարյանը, հերքում է գլխավոր դատախազության կողմից առաջադրված բոլոր մեղադրանքները։





























