Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացման է ներկայացրել Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Փաստաթուղթը խորհրդարանականներին կներկայացնի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ТАСС-ը։ 

«Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Յուրիևիչ Ռուդենկոյին նշանակել Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, երբ ՌԴ Դաշնային ժողովի պալատները քննարկեն Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին Մոսկվայում հունվարի 20-ին ստորագրված պայմանագրի վավերացման հարցը»,-ասված է հրամանագրում:

Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունվարին Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Փաստաթուղթը սահմանում է երկարաժամկետ հեռանկարում Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության հետագա զարգացման իրավական շրջանակը։

Համաձայնագիրը ամրապնդում է Ռուսաստանի և Իրանի կարգավիճակը՝ որպես ռազմավարական գործընկերներ և ընդգրկում է բոլոր ոլորտները, ներառյալ՝ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները։