Լիտվայի Պաբրադ քաղաքի համանուն հրաձգարանում վարժանքներից հետո անհետացել են չորս ամերիկացի զինծառայողներ և թրթուրավոր մարտական մեքենա։ Վերջին տեղեկություններով՝ ամերիկացի զինվորները զոհվել են, հայտնում է Delfi-ն։
«Միջադեպի հավանական վայրը պարզվել է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,-ասել է Լիտվայի բանակի մայոր Գինտաուտաս Ցյունիսը։
Երեքշաբթի, 16:45-ին, հաղորդում է ստացվել Պաբրադում գեներալ Սիլվեստրաս Զուկաուսկասի անվան հրաձգարանում անհայտ կորած ամերիկացի զինվորների և թրթուրավոր տրանսպորտային միջոցի մասին:
«Նախօրեին որոնողական աշխատանքներին ներգրավվել են Լիտվայի և օտարերկրյա զինվորականներ, ինչպես նաև օդուժի և պետական սահմանապահ ծառայության ուղղաթիռներ:
Ներկա պահին պարզվել է դեպքի հավանական վայրը, որոնողափրկարարական գործողություն է իրականացվում, այն ղեկավարում է Լիտվայի բանակը, ներգրավվել են նաև Լիտվայի հրշեջ-փրկարարական դեպարտամենտի և այլ գերատեսչությունների լրացուցիչ ուժերը»:




























