Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն կկանգնի դատարանի առաջ՝ երկրի գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ հեղաշրջման փորձի մեղադրանքով, հայտնում է BBC News-ը։

Գերագույն դատարանի հինգ հոգուց բաղկացած կոլեգիան միաձայն է քվեարկել դատավարությունը շարունակելու օգտին։

70-ամյա Բոլսոնարոն հերքում է Լուլայի երդմնակալության արարողությունը արգելափակելու փորձը և ասում է, թե ինքը դարձել է քաղաքական հալածանքի զոհ, որի նպատակն է խանգարել իրեն առաջադրվել 2026 թվականի նախագահի պաշտոնում: Դատավարությունը կարող է սկսվել արդեն այս տարի: Եթե ​​Բոլսոնարոյին մեղավոր ճանաչեն, նրան կարող է սպառնալ երկար տարիների ազատազրկում։

Դավադրությանը հանցակից լինելու համար ևս յոթ մարդ է մեղադրվում։ Նրանք են հետախուզության նախկին պետ Ալեքսանդր Ռամաջեմը, ծովակալ Ալմիր Գառնիե Սանտոսը, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Անդերսոն Թաուերսը, անվտանգության նախկին նախարար, գեներալ Աուգուստո Հելենոն, ինստիտուցիոնալ անվտանգության նախկին նախարար Մաուրո Սիդը, Բոլսոնարոյի նախկին օգնական գեներալ Բրագա Նետտոն և պաշտպանության նախկին նախարար գեներալ Պաուլու Սերժիու Նոգեյրա դի Օլիվեյրան։