Մարտի 27-ին Հայաստանում տեղի ունեցավ միջոցառում՝ մեկնարկեց «Հայոց տուն» նոր նախաձեռնությունը։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նախաձեռնության մանիֆեստի շնորհանդեսը։

Պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակ ունեցող Ռուբեն Կարապետյանի խոսքով՝ «Հայոց տունը» հայկական էլիտայի ձեւավորմանն ու ամրապնդմանն ուղղված ապակուսակցական կառույց է՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ գործիչների ներգրավմամբ:

Նախաձեռնության նպատակն է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգեւոր, մշակույթի, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում կայացած հայ մասնագետների միավորումը՝ հայկական պետականության ու ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով:

Նա ավելացրել է, որ «Հայոց տունը» նաեւ նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի եւ հայ ազգի բարգավաճմանը:

Կարապետյանը նշել է, որ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, ներառյալ Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, ներքին հակասությունների խորացումը, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացումը, հոգեւոր արժեքների անկումը եւ այլ խնդիրներ կարելի է լուծել միայն հայ ժողովդրի պոտենցիալի միավորման միջոցով։

Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գեւորգ Պողոսյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախաձեռնությունը բաց է, եւ դրան կարող են միանալ բոլոր ցանկացողներն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Նրա խոսքով՝ հասարակության պառակտումը եւ ատելության մթնոլորտը լուրջ վնաս են պատճառում պետությանը՝ հաշվի առնելով այն, որ թշնամին առաջնորդվում է «բաժանիր եւ տիրիր» սկզբունքով։ Նա նշել է Հայաստանում եւ սփյուռքում լավագույն  եւ փորձառու մասնագետների պոտենցիալի համակարգման անհրաժեշտությունը։