Ե՛վ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ե՛ւ նախկին նախագահներին ուղղված պնդումներն ուղղված են Ալիեւին եւ արված են նրան հաճոյանալու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ԱԺ-ում վարչապետի երեկվա հայտարարությունը «Ղարաբաղյան շարժման փակման» մասին։

«Բայց մեկ այլ խնդիր կա՝ հիմա Ադրբեջանի պահանջները ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի մասին են։ (Փաշինյանը) փորձում է հերթական անգամ խաբել հանրությանը՝ ամեն ինչ հանգեցնելով ԼՂ հարցին, իսկ իրականում Հայաստանին ուղղված պահանջներին։ Ընդամենը 2 հոգի են փորձում ամբողջ ուժով փակել ԼՂ հարցը, դրանք են՝ Ալիեւն ու էրդողանը»,- նշել է Սաղաթելյանը։

Հարցին, թե ով է Փաշինյանին բերել իշխանության, հաջորդել է ինքնատիպ պատասխան՝ արագիլը։

«Ես այդ հարցին պատասխանեցի, հրապարակայնորեն ավելացնելու բան չունեմ, կան ավելի լուրջ խնդիրներ»,- կարծում է խորհրդարանականը։