Ես չեմ կարծում, որ մենք պետք է կարգախոսներով փողոց դուրս գանք, հրաժարականներ պահանջենք ու վարչապետի թեկնածուներ առաջարկենք, դա մեր ճանապարհը չէ։ Այս մասին մարտի 27-ին «Հայոց տուն» նախաձեռնության մեկնարկի ժամանակ հայտնել է պատմական գիտությունների դոկտոր, նախաձեռնության անդամ Աշոտ Մելքոնյանը։

Նա նշել է, որ նախաձեռնության անդամները, լինելով մտավորականության ներկայացուցիչներ, կփորձեն իրենց լուծումներն առաջարկել։ Մելքոնյանը վստահեցրել է, որ նախաձեռնությունը չի ներկայացնում այս կամ այն ​​քաղաքական ուժը եւ որեւէ քաղաքական ուժի փոփոխված տարբերակ չէ։

«Մենք ներկայացնում ենք հայ ժողովրդին, ես երբեք որեւէ մեկի խամաճիկը չեմ եղել, քննադատել եմ առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին եւ ներկայիս վարչապետին։ Քննադատելով իշխանություններին՝ փորձել եմ առողջ մթնոլորտ ստեղծել եւ երբեք չեմ ուրախացել իշխանությունների ձախողումներով, քանի որ դրանք իմ պետության ձախողումներն են»,- ավելացրել է պատմաբանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը քաղաքական նպատակներ չի հետապնդում, այլ ձգտում է հասարակությանը վերադարձնել իր պատմական արմատներին եւ երիտասարդ սերնդի համար ստեղծել առողջ մթնոլորտ, որը կերտելու է Հայաստանի ապագան։

«Մենք նպատակ ունենք արմատախիլ անել թշնամանքը հասարակության մեջ, այս մասին շատ է խոսվում, բայց ոչինչ չի արվում, յուրաքանչյուրը քարոզում է բացառապես իր ճշմարտությունը, ինչի արդյունքում հնարավոր չէ ընդհանուր հաջողություն գրանցել, մենք պետք է լսենք միմյանց»,- ավելացրել է Աշոտ Մելքոնյանը։