«Մայր Հայաստան» դաշինքը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգված ուժային կառույցների /հակակոռուպցիոն կոմիտե և ոստիկանություն/ հարձակումները Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի և «Մեր քաղաքը» դաշինքի դեմ, նշված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։

«Վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունեցել դաշինքների ավագանու ցուցակի անդամների, նախընտրական գրասենյակի աշխատակիցների բնակարաններում, կենտրոնական շտաբերում։

Մենք այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, մեր աշխատանքների խոչընդոտման փորձ և դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը, որի շրջանակներում բերման են ենթարկել նույնիսկ երկու անչափահասների մորը՝ լուրջ սթրեսի ենթարկելով երեխաներին։

Մենք կոչ ենք անում գյումրեցիներին ակտիվորեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք ընտրություններին, մերժել թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող Քաղաքացիական պայմանագրին և փոփոխությունները սկսել Գյումրիից»։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և ԱԱԾ-ից ստացված հաղորդումների հիման վրա:

Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:

Հիշեցնենք, որ այսօր «Մայր Հայաստան» դաշինքը տեղեկացրել էր, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել  շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:

Ավելի ուշ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր. «Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում»: