Մենք մշտապես ասել ենք, որ ընտրակաշառքը տեղ չունի և չպետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում այլևս, որ դա Հայաստանի դեմ է ի բնե, և բնականաբար սա ընտրակաշառքի դեմ է: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Եթե ընդդիմադիրները մտածում են կամ մեկնաբանում են, որ ընտրակաշառքը արգելելը ճնշում է իրենց դեմ, ապա իրենք իրենց նույնացնում են ընտրակաշառքի հետ: Ես համաձայն եմ ի դեպ դրանում, որովհետև իրենք և ընտրակաշառքը գենետիկորեն նույնական են քաղաքական գենետիկության տեսանկյունից:
Քաղաքական գնահատականն այն է, որ դա ճնշում է ընտրակաշառքի դեմ, եթե իրենք համարում են, որ դա ճնշում է նաև իրենց դեմ, դա իրենց խնդիրն է, բայց ընտրությունների թափանցիկության, մրցակցայինության, արդարության տեսանկյունից որևէ ճնշման մասին խոսք չկա»,-ասաց նա:
Խոսելով Գյումրիում ընտրարշավի մասին, Կոնջորյանն ասաց. «Ինքներդ տեսնում եք Գյումրիում քարոզարշավի ժամանակ ով ինչ ասես խոսում է, ով իր լափառոշ բերանը մինչև որտեղ ասես բացում է, անցնում են բաներ սահմանները քաղաքական մրցակիցների նկատմամբ: Ճնշումների միջավայրը այդպիսին չի լինում»:
Հարցին՝ որքանո՞վ է քաղաքակիրթ է մրցակիցների հասցեին ասել «լափառոշ բերան», Կոնջորյանը պատասխանեց. «Դա 10 անգամ ավելի ցածր նշաձողով արտահայտչամիջոց է ի համեմատություն հենց այն մարդկանց, որոնք… եթե դուք լսել եք, մարդիկ նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ են ասում: Այսինքն «լափառոշ բերանը» ինքը չի համարվում ոչ նորմատիվային եզրույթ, բայց դա ուղղված է հատկապես այն մարդկանց, որոնք օգտագործում են ոչ նորմատիվային բառապաշար, հայհոյանք և այլն: Ես նույնիսկ ասիմետրիկ, անհամաչափ բարեվարք բառապաշար եմ օգտագործում այդ մարդկանց հասցեին»:




























