ԱՄՆ-ը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին: Նման եզրակացության է եկել ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերթ Գեյթսի հատուկ խորհրդական Մեթյու Քրոնիգը: Ներկայումս Քրոնիգը դասավանդում է Ջորջթաունի համալսարանում եւ պահպանում իր պաշտոնը Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդում, որը ԱՄՆ արտաքին քաղաքական խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր ինստիտուտներից մեկն է:
Foreign Affairs ամսագրի իր հոդվածում խորհրդականը գրում է, որ այն ժամանակ, երբ Իրանը միջուկային զենք ունենա, նա դրանց տեխնոլոգիաները կփոխանցի տարածաշրջանում իր դաշնակիցներին, ինչը Մերձավոր Արեւելքում միջուկային մրցավազք առաջ կբերի: Այդ իրավիճակում ԱՄՆ-ը ստիպված կլինի հսկայական միջոցներ ծախսել, որպեսզի տարածաշրջանում ամրացնի իր դաշնակիցների պաշտպանունակությունը:
Այդ դեպքում, ըստ Քրոնիգի, որքան էլ մեծ լինի Իրանին հարվածելու ռիսկը, դրա այլընտրանքը ավելի թանկ կարող է նստել ԱՄՆ-ի վրա եւ ավելի մեծ ռիսկեր է պարունակում:
Քրոնիգը եզրակացնում է, որ Իրանին ռազմական հարված հասցնելը իրական վտանգից կազատի ոչ միայն տարածաշրջանը, այլեւ ողջ աշխարհը, միաժամանակ զգալիորեն մեծացնելով ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը:
Նա ցավով է ընդգծել, որ Օբամայի վարչակազմը հրապարակային կերպով չի սպառնացել, որ ռազմական հարվածներ կհասցնի Իրանին, ինչը նշանակում է, որ նրանք թերագնահատում են այն իրական վտանգը, որը կարող է սպառնալ ԱՄՆ-ի շահերին Մերձավոր Արեւելքում:




























