Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն արգելել է երկրի նախարարությունների ու այլ պետական հիմնարկների, մարզային վարչակազմերի ղեկավարներին Ամանորն անցկացնել արտերկրում: Նա կոչ է արել նրանց Ամանորը դիմավորել հայրենիքում` ժողովրդի հետ:

«Տոները պետք է նշել երկրում: Դա վերաբերում է ոչ միայն Ամանորին, այլեւ ընդհանրապես ազգային ու պետական բոլոր տոներին»,-ասել է Նազարբաեւը, նախագահի աշխատակազմի, կառավարության, իշխող «Նուր Օթան» կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նախագահը նաեւ կոչ է արել տնտեսող լինել ներկա ճգնաժամային վիճակում: «Ճգնաժամի պայմաններում մենք պետք է տնտեսող լինենք, հատկապես դա վերաբերում է պետական մարմինների ծախսերին ու ազգային ընկերություններին: Նրանք պետք է հրաժարվեն թանկարժեք, աղմկոտ միջոցառումներից, շնորհանդեսներից, միջազգային կոնֆերանսներից»,-ասել է նա: