Ես առաջարկ ունեմ Գյումրիում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ։, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
«Բոլոր այդ թեկնածուները, որոնք իրենց ընդդիմադիր են դասում, ընդդիմադիր դաշտում են տեսնում, ես ասում եմ՝ եթե ինձնից շատ որևիցե մեկը ձայն հավաքեց, ես միանում եմ ձեզ, առանց պաշտոն ուզելու, առանց փոխքաղաքապետի, առանց ինչ-որ մի բաժնի պետի, և իմ ավագանները պաշտպանելու են ձեզ։ Եթե ես ձեզանից շատ ձայն ունեցա, որ այդքան մաքուր եք, հլը կտեսնեմ ՝ դուք ինձ կմիանաք, թե ոչ։
Եթե հանկարծ դուք երեք հոգի իրար միանաք, ձեր երեքի ձայնը ընդուպ ինձանից ցածր լինի, ու դուք գաք ինձ ասեք, թե մենք երեք հոգի իրար միացրել ենք, ուրեմն դուք պետք է մեզ միանաք, նմանատիպ բան եթե արեցիք, ուրեմն դուք Նիկոլի պատվերն եք կատարում: Այդտեղ կերևա, որ ձեր հետեւից կանգնածն ու Նիկոլը մի ընտանիքի անդամներ են»,-ասաց նա:
Անդրադառնալով «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Մենք սպասում ենք ձեր առողջ բանականությանը, և ես քեզ ցանկանում եմ ամենալավը, ամենաբարին, թեկուզ դու միշտ քարկոծում ես, միշտ թշնամական խոսում ես:
Մեկ էլ մի բան ասեմ՝ ինձանից հեռու մնա: Ես ոչ թե քեզ ահաբեկում եմ, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես: Աստծո պատիժը կգա ձեր գլխին, մեղք եք: Դուք տեսաք, մեկին էլ էիք հովանավորում, թևերի տակ բաներ էիք դրել, Աստված ինչ պատիժ տվեց Մոսկվայում, դուք լավ գիտեք:
Իմ հետևից ով ընկավ, լավ որ չի ունենա, ես ոչ թե ձեզ անիծում եմ, ոչ թե ձեզ վատ բան եմ ասում, այլ ես կաղոթեմ ձեզ համար, որ ձեզ Աստված իմաստություն դա, որ ինձանից հեռու մնաք, որ չպատժվեք: Իսկ մնացած քաղաքականության առումով կապրենք, կտեսնենք»:











