Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու կարիք չունի։ Չէ՞ որ առանց դրա էլ նա Հայաստանից զիջումների է հասնում։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Երեւանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի դիրքորոշումը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։

«Ինչո՞ւ Ալիեւը ստորագրեր այս համաձայնագիրը, Հայաստանի ներկա իշխանությունները, նույնիսկ առանց այս թղթի կտորի, գնում են բոլոր երեւակայելի եւ աներեւակայելի զիջումների»,- նշել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ավելի ու ավելի շատ նոր նախապայմաններ է առաջադրում։ Դրանց թվում են, օրինակ, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, նրա տարածքով «միջանցք» տրամադրելը եւ «պատերազմական հանցագործների» արտահանձնումը։

Ընդդիմադրի տեսանկյունից, եթե Բաքվի վրա միջազգային լուրջ ճնշում չգործադրվի, նա ոչինչ չի ստորագրի։