Գյումրիում եւ Փարաքարում ընտրական գործընթացում ընտրախախտումները բավականին մտահոգիչ են, նախընտրական քարոզչության շրջանակում սահմանափակված են եղել ընդդիմադիր գործիչների քարոզչական հնարավորությունները։ Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Մելոյանը:
«ՔՊ-ի թեկնածուն միաժամանակ հանդիսանում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և նա, ինչպես նաև իրենց ընտրացուցակում ներգրավված ԱԺ պատգավորներն ու այլ թեկնածուները, ըստ հանրային ծառայության մասին օրենքի, ըստ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի, ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, սահմանափակված են իրենց քարոզչության շրջանակներում օգտվելու իրենց պաշտոնից բխող ցանկացած ռեսուրսից, այդ թվում պաշտոնից, նյութական ռեսուրսից, հանրային միջոցներից, իր ինչպիսին, օրինակ« ԱԺ ամբիոնն է, որտեղից ելույթներ են ունենում:
Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Սարիկ Մինասյանը տարածել է ճանապարհային դեպարտամենտ ֆոնդի հայտարարությունը Գյումրում ճանապարհաշինարարության իրականացնելու վերաբերյալ, քարոզչական գրառմամբ, որ Գյումրիում չսարքված ճանապարհներ չեն լինելու։ Դա ակնհայտ խախտում է իմ կողմից մատնանշված իրավակարգավորումների պահանջը և դուրս է դրանց շրջանակներից»,-ասաց նա:
Նա նկատեց, որ շուրջ մեկ տասնյակ ՔՊ-ական պատգամավորներ ԱԺ-ում հայտարարությունների ժամին կոչեր են հնչեցրել քվեարկել իրենց թեկնածուի օգտին, միաժամանակ արատավորող հայտարարություններ են արել մյուս թեկնածուների հասցեին՝ անվանական նշելով նրան. «Աստեղ մենք արձանագրել ենք նաեւ կրկնախախտում, որովհետև այդ պատգամավորներից մեկը՝ Էմմա Պալյանը, միաժամանակ հանդիսանում է ՔՊ ավագանու անդամի թեկնածու: Այստեղ ակնհայտ է, որ կան անհավասար պայմաններ մյուս քաղաքական ուժերի համեմատ»,-ասաց Մելոյանը:
Նա անդրադարձավ նաեւ երեկ տեղի ունեցածին, երբ իրավապահ մարմինները ներխուժեցին երկու դաշինքների գրասենյակներ. «Մայր Հայաստանի» պարագայում օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացվեցին խուզարկության տեսքով, ինչպես նախընտրական նախընտրական շտաբերում, այնպես էլ թեկնածուի բնակարանում, թեկնածուներ բերման ենթարկեցին: Թեկնածուներից մեկը մանկահասակ երեխայի մայր էր, հարցաքննության ընթացքում խոչընդոտել էին նրա փաստաբանի մուտքը վստահորդի մոտ։ Դրան անմիջապես զուգորդեց նաև մյուս՝ «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուներին բերման ենթարկելու գործընթացը, այդ թվում քաղաքական ուժի առաջնորդ Մարտուն Գրիգորյանի հոր և որդու ձերբակալման որոշումները: Ընդ որում, որդին տվյալ քաղաքական ուժի թեկնածու է: Եվս երկու այլ թեկնածուների բերման ենթարկեցին Երևան քաղաք։
Այս երկրորդ դեպքը հերթական աննախադեպն է Հայաստանի պատմության մեջ, երբ ընտրություններին մասնակցող ուժի ղեկավարի մերձավոր ազգականներին քարոզչության ընթացքում, երբ ընդամենը երեք օր է մնացել ընտրություններին, նմանաբնույթ ներգործություն են իրականացնում։
Բնականաբար, եթե առկա է իրավախախտում, տեղի են ունեցել հանցագործություններ, բնավ մենք չենք ընդգծում, որ իրավապահ մարմինները պետք է գործողություններ չիրականացնեն, բայց դա պետք է իրականացվի անկախ, անկողմնակալ և որևէ կերպով նախընտրական քարոզչության սահմանները չշրջանցի և ազդեցություն չունենա որևէ քաղաքական ուժի նախընտրական քարոզչական գործընթացի վրա:
Երեկոյան բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները ունեին բանավեճ հանրային հեռուստաընկերության շրջանակներում և կարող ենք համարել, որ կատարվածը հոգեպես ներգործություն ունեցավ տվյալ ղեկավարների վրա։
Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթից տեղեկատվություն ենք ստացել, որ Գյումրիում ԱԱԾ վարչության ղեկավարը ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի ազգականն է, և ըստ թերթի, իրենք ընդդիմադիր գործիչների, իրենց մրցակիցների վերաբերյալ որոշակի տեղեկատվություններ են հավաքում և տրամադրում այս ուժին:
Իշխող թիմից նշվեց, որ թեկնածուներից մեկը դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու նպատակով, հետագայում պարզ դարձավ, որ այս թեկնածուն ընդամենը ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակ: Այդպես էլ չբացահայտվեց, թե որն էր այդ տեղեկատվության ծագումնաբանությունը և աղբյուրը»,-Ասաց Գոհար Մելոյանը:
Նա հավելեց, որ ունեն ահազանգեր, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի աջակիցներին բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ և անում են հորդորներ, ինչը մարդկանց հիմնարար ընտրական իրավունքի խախտում է։
«Իրավապահների գործունեությունը որևէ կերպով չի կարող ներազդել նախընտրական քարոզչության շրջանակների վրա և սահմանափակել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հավասար հնարավորությունը։ Իսկ երեկվա իրադարձությունները գալիս են պնդելու հակառակը:
Ակնհայտ է, որ նախընտրական շտաբներում օպերատիվ հետախուզական աշխատանքները գալիս են խանգարելու և դանդաղեցնելու այս քաղաքական ուժերի քարոզչական աշխատանքները:
Երբ Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին բերման են ենթարկվում, նրանց մեղադրանք է առաջադրվում, և իրավապահ մարմինը, որպես խափանման միջոց, ընդամենը վարչական վերահսկողության համար է դիմում, ակնհայտ գալիս է հենց տրամաբանության շղթան պնդելու, որ այս մարդիկ որևէ վտանգավորություն ներկայացնող հանցագործություն չեն գործել, որ կարիք կլիներ նրանց մեկուսացնելու նախընտրական քարոզչությունից»,- հայտարարեց Գոհար Մելոյանը:











