Հայաստանի որոշումը՝ գնալ դեպի ԵՄ անդամակցություն, շատ ճիշտ է: Դրա մասին AnalitikaUA-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
Ըստ նրա՝ Եվրոպան խոստումնալից շուկա է, բարձր մրցունակություն, բայց միևնույն ժամանակ սեփական տեղը զբաղեցնելու, լավ գումար վաստակելու և ֆինանսական ու մեծ տեխնոլոգիական հասանելիության հնարավորությամբ։
«Հայաստանի համար, ըստ իս, դա օպտիմալ տարբերակն է: Կրկին ինտեգրվում ես ժամանակակից համաշխարհային հանրությանը, աշխարհը բաց է, սահմանները բաց են, և դա կտրուկ կբարելավի կյանքի որակը և կկայունացնի իրավիճակը բուն Հայաստանում:
Ինձ համար ակնհայտ է, որ եվրաինտեգրումը միշտ ճիշտ ընտրություն է: Այլ հարց է, որ մենք և դուք նույն դաշտում ենք, դա նախկին խորհրդային դաշտ է, որը Ռուսաստանը համարում է իրենը»,- ասել է Պոդոլյակը։
Նա վստահ է, որ Մոսկվան հնարավորինս կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա, ինչպես դա արեց Ուկրաինայի հետ, ինչպես նաև կանի հնարավոր ամեն բան՝ խոչընդոտելու հանրապետության եվրաինտեգրմանը։
«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ հետխորհրդային տարածքը երևա անբարեկարգ, ավերված, քաոսային, և Ռուսաստանից բացի ոչ ոք չկարողանա այնտեղ որևէ ծրագիր իրականացնել և թույլ տալ մարդկանց եկամուտների այլ մակարդակով ապրել», - նշել է Պոդոլյակը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է գերիշխել միայն այնտեղ, որտեղ կան շատ թույլ շուկաներ, թույլ զարգացած տեխնոլոգիաներ և ցածր կենսամակարդակ, քանի որ հնարավոր է սպեկուլյատիվ կերպով սակարկել նման երկրների հետ և հնազանդության դիմաց գազը 20%-ով ավելի էժան վաճառել։




























