Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին հաստատել է Իրանի ռազմական հնարավորությունները, նախազգուշացրել սպառնալիքների մասին եւ մերժել հրթիռային զինանոցի վերաբերյալ ցանկացած բանակցություն, տեղեկացրել է Mehr-ը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին խիստ հայտարարություններ է արել Իրանի պաշտպանական դիրքորոշման վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանի վրա ցանկացած հարձակում կարժանանա խիստ պատասխանի։

Թանգսիրին կտրականապես մերժել է Իրանի կողմից իր հրթիռային զինանոցի կամ «Դիմադրության խմբերին» աջակցելու շուրջ բանակցությունների ցանկացած հնարավորություն։

Նա բացատրել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերությունների իր հարեւանների հետ՝ վստահեցնելով, որ Թեհրանը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար։

«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին եւ որպես մուսուլմաններ ոչ մի վտանգ չենք ներկայացնում հարեւան երկրների համար»,- ընդգծել է նա։

Նշելով, որ Իրանը պատերազմ սկսելու մտադրություն չունի, Թանգսիրին ընդգծել է, որ Իրանի կամ նրա ժողովրդի շահերի դեմ ցանկացած հարձակում կարժանանա կոշտ պատասխանի։

Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությանը, Թանգսիրին բացատրել է, որ չնայած որոշումը կայացնելու են բարձրաստիճան պաշտոնյաները, իր զորքերը պատասխանատվություն կկրեն նման հրամանի կատարման համար, եթե այն տրվի:

Թանգսիրին հայտնել է, որ Իրանը կարող է ցանկացած վայրում հարձակվել թշնամու բազաների վրա՝ ավելացնելով, որ ցանկացած վայր, որտեղից հարձակում կկատարվի Իրանի վրա, պատասխան հարվածի թիրախ կդառնա:

«Մենք հնարավորություն ունենք հարվածելու թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ որ դրանք լինեն: Եթե մեզ վրա հարձակվեն ցանկացած աշխարհագրական դիրքից, մենք պատասխան հարված կհասցնենք այդ վայրում»,- նշել է նա: