Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի ավագ ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին հայտնել է, որ Իրանը հավատարիմ է Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում III» գործողությունն սկսելու իր հանձնառությանը, հաղորդել է Mehr-ը:

«Եթե «Ճշմարիտ խոստումը III»-ը դեռ չի կատարվել, ապա հետաձգման հետեւում իմաստություն կա, այլ ոչ թե այն չեղարկվել է»,- ասել է գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին:

Նա ուշացումը որակել է «ռազմավարական եւ գիտակցված իմաստությամբ պայմանավորված»:

Պաշտոնյան բարձր է գնահատել Իրանի ղեկավարությունը որպես «իմաստուն, խիզախ, հեռատես եւ խելամիտ»՝ ասելով, որ գործողությունը կիրականացվի համապատասխան ժամանակին՝ այաթոլա Խամենեիի հայեցողությամբ եւ առաջնորդի խոհեմությունը հաշվի առնելով, հաղորդել է PressTV-ն:

Անցած տարի իրանական հարյուրավոր բալիստիկ հրթիռներ եւ անօդաչուներ պատասխան հարվածներ հասցրին Իսրայելի տարածքին՝ իրականացված գործողություններն անվանելով «Ճշմարիտ խոստում I» եւ «Ճշմարիտ խոստում II»։