Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական եւ միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին տեղեկացրել է Ժնեւում Իրանի եւ եվրոպական երեք երկրների միջեւ փորձագիտական մակարդակով միջուկային քննարկումներ անցկացնելու մասին, գրել է Mehr-ը։
«Իրանի եւ երեք եվրոպական երկրների միջեւ դիվանագիտական բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հինգշաբթի Ժնեւում փորձագիտական մակարդակով անցկացվեցին միջուկային խնդրի եւ պատժամիջոցների վերացման վերաբերյալ մասնագիտացված եւ տեխնիկական քննարկումներ»,- գրել է Ղարիբաբադին X սոցիալական ցանցում։
Հինգշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Լեմիի հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հաստատել է Իրանի պատրաստակամությունը դիվանագիտական փոխգործակցությանը իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ, սակայն ընդգծել է, որ «առավելագույն ճնշման» եւ ռազմական սպառնալիքների ներքո ուղիղ բանակցություններն անիմաստ են:
Հիասթափություն հայտնելով Եվրոպայի ոչ կառուցողական գործողություններից՝ Արաղչին քննադատել է անհիմն պատրվակներով Իրանի դեմ պատժամիջոցների շարունակումը։ Նա կոչ է արել երեք եվրոպական երկրներին վերանայել իրենց մոտեցումը Իրանի եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանային խնդիրների նկատմամբ։




























