Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սարատով քաղաքի «Գագարին» օդանավակայանում։ ՌԴ Քննչական կոմիտեն նախաքննական ստուգում է հարուցել ՌԴ ՔՕ 263 հոդվածի 1-ին մասով (երթեւեկության անվտանգության եւ օդային, ծովային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում), տեղեկացրել է «Կոմերսանտը»։

«Օդանավի հրամանատարը, նկատելով անսարքությունը, վթարային վայրէջք է խնդրել: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, վնասներ չեն հայտնաբերվել, զոհեր եւ վիրավորներ չկան»,- նշվել է ՌԴ Քննչական կոմիտեի Արեւմտյան միջտարածաշրջանային տրանսպորտի հետաքննության վարչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ինչպես հավաստիացրել է «ՍարԻնֆորմը», խոսքը Սարատով-Մոսկվա չվերթի մասին է. ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր «Շերեմետեւո» օդանավակայանում։ Թռիչքից հետո ազդանշան է ստացվել, որ օդանավը ապահերմետիկացվել է, գրել է գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրին։

Խոսքն ամենայն հավանականությամբ SU-1357 չվերթի մասին է; Ինչպես նշվել է «Աերոֆլոտի» կայքում, Airbus A320-ը թռել է տեղի ժամանակով ժամը 11.10-ին, սակայն վերադարձել է «Գագարին» օդանավակայան 11.41-ին։ Այժմ չվերթի մեկնման թռիչքը սպասվում է Սարատովի ժամանակով ժամը 18.00-ին, ժամանումն սպասվում է Մոսկվայի ժամանակով ժամը 18.45-ին։