Ես ասել եմ, որ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը միանշանակ կողմ եմ: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:
Հարցին՝ ովքե՞ր են ֆավորիտ թեկնածուները, նա պատասխանեց. «Ֆավորիտ թեկնածուները բոլորս ենք: Ես ասել եմ, որ պետք է այնպես անել, որ Գյումրիում Վանաձորի պատմությունը չկրկնվի: Ես զգուշացնում եմ, որ Գյումրիում կարող է Վանաձորի տարբերակը կիրառվի»:
Մարտուն Գրիգորյանն ասաց, որ ինքն այսօր քվեարկել է հանուն համերաշխ, բարեկարգ, համախմբված Գյումրիի, որպեսզի գյումրեցին համախմբած լինի, ընտրի այնպիսի քաղաքապետ, որն իրականում կանգնած է գյումրեցիների կողքին։
«Քաղաքական ուժերը կգան, կգնան, բայց մենք քաղաքում մնալու ենք որպես քաղաքի մարդ, քաղաքի տղա, որպես պատգամավոր, որպես քաղաքապետ։ Կարևորը՝ այստեղ այս փորձությունների միջից մարդ դուրս գալն է ու մարդ մնալն է»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։
Նա ընդգծեց, որ ով էլ հաղթի՝ ինքը շնորհավորելու է, որովհետեւ փորձելու են այնպես անել, որ արդար ընտրություն լինի:











