Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ 10 խաղաղ բնակիչ է զոհվել երկրի հյուսիսարևմուտքում գրոհայինների դեմ գործողության ընթացքում և խոստացել են հետաքննել միջադեպի հանգամանքները, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Խայբեր Փախտունխվա նահանգի Կատլանգ բլրի գագաթի հեռավոր տարածքում։

Ըստ նահանգային կառավարության խոսնակ Մուհամմադ Ալի Սեյֆի, հաղորդումներում մատնանշվել է, որ տեղանքն օգտագործվել է որպես «ահաբեկչական տարրերի թաքստոց և տարանցիկ կետ»:

Հաջորդող տեղեկություններից պարզվել է, որ այդ վայրի անմիջական հարևանությամբ մի քանի անզեն խաղաղ բնակիչներ են եղել, հավելել է Սաիֆը: Տեղի բնակիչները հայտնել են, որ 10, այդ թվում՝ կանանց և երեխաների մարմին է հայտնաբերվել մի տարածքում, որտեղ կառավարական պաշտոնյաների պնդմամբ, հակագրոհայինների գործողություն է իրականացվել: Տեղացիների վկայությամբ, նրանք ապրում էին Սվաթ շրջանում և զբաղվում էին անասնապահությամբ: Նրանց ընտանիքներն իրենց բողոքն են հայտնել՝ զոհերի մարմինները շարելով մայրուղու վրա։

Կառավարությունից հայտնել են, որ տուժածներին անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, իսկ զոհվածների ընտանիքներին փոխհատուցում է վճարվել։