ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի մերձակայքում փոքր ինքնաթիռը մխրճվել է բնակելի համալիրի մեջ. բոլոր ուղևորները զոհվել են, հայտնում է Fox News-ը։
Նշվում է, որ ավիավթարի հետևանքով շենքում հրդեհ է բռնկվել։
Դաշնային ավիացիոն վարչության (FAA) ներկայացուցիչը Fox News Digital-ին հաստատել է, որ SOCATA TBM7 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բրուքլին պարկի բնակելի թաղամասում շաբաթ օրը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 12:30-ին։
«Մենք դեռ չգիտենք, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում», - ասել է FAA-ն՝ հավելելով, որ FAA-ն և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) կշարունակեն հետաքննել վթարը:
Ինքնաթիռը օդ է բարձրացել Այովա նահանգի Դե Մոյնսի միջազգային օդանավակայանից և շարժվել դեպի Մինեապոլիսի Անոկա Քաունթի-Բլեյն օդանավակայան, հայտնում է գործակալությունը։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ շենքում գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել: Ավիավթարի գոտում բնակչությունը տարհանվել է։
Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցն ասել է, որ իր թիմը ուշադիր հետևում է իրավիճակին:





























