Այսօր՝ մարտի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Ստեփան Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 35 տան ավտոտնակում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ «Opel»-ը վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա՝ ժամանած հրշեջները, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը հարևան տներ։