Հարավային Կորեայում 56-ամյա տղամարդու նկատմամբ հետաքննություն է սկսվել անտառային մահաբեր հրդեհ առաջացնելու կասկածանքով, որը խլել է 30 մարդու կյանք, հայտնում է BBC News-ը։

Տղամարդը, որի անունը չի նշվում, այդ ժամանակ տոհմական ծես էր կատարում Հյուսիսային Կենսան նահանգի Ույսեոն շրջանի բլրի վրա գտնվող ընտանեկան գերեզմանում:

Նա բերման է ենթարկվել, բայց չի ձերբակալվել, դեպքի վայրի զննության ավարտից հետո կկանչվի հարցաքննության։ Նա հերքում է մեղադրանքը։

Կիրակի պաշտոնյաները հայտարարել են, որ հիմնական հրդեհները, դրանց սկսվելուց 10 օր անց, վերջապես, հաջողվել է հսկողության տակ առնել։ Հրդեհները մեծ վնաս են հասցրել շենքերին, այդ թվում՝ պատմական տաճարներին: Հաղորդվում է, որ քննիչները զրուցել են կասկածյալի դստեր հետ, որը, իբր, պատմել է նրանց, որ հրդեհը սկսվել է այն բանից հետո, երբ իր հայրը փորձել է կրակայրիչով վառել  գերեզմանների վրա կախված ծառերի ճյուղերը:

Կորեայի անտառային ծառայության տվյալներով, հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 48 հազար հեկտար, ինչը համարժեք է մայրաքաղաք Սեուլի մակերեսի մոտ 80 տոկոսին: Դրանք նաև ավերել են մոտ 4000 շինություն, այդ թվում՝ բնակելի տներ, ֆաբրիկաներ և մի շարք ազգային հարստություններ։

Գուն տաճարը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է, հրդեհից ավերված տաճարներից մեկն է: Այն կառուցվել է մ.թ. 618 թվականին և ամենամեծերից մեկն էր տարածքում։ Տուժածների մեծ մասը 60-ից 70 տարեկան մարդիկ են։

Թեև հիմնական հրդեհը մեկուսացվել է, սակայն ավելի մանր օջախները շարունակում են այրվել, հայտնել են իշխանությունները: