Պաղեստինյան Կարմիր մահիկը կիրակի օրը հայտնել է, որ հայտնաբերել է 14 փրկարարների մարմինները, որոնք զոհվել են մեկ շաբաթ առաջ Գազայի հատվածում շտապօգնության մեքենաների վրա իսրայելական ուժերի կրակելու հետևանքով, հաղորդում է AFP-ն:
«Հայտնաբերված մարմինների թիվն այժմ հասել է 14-ի, նրանց թվում են Պաղեստինի Կարմիր մահիկի ութ բուժաշխատող, քաղաքացիական պաշտպանության հինգ աշխատակից և ՄԱԿ-ի գործակալության մեկ աշխատակից», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
«Դիակները դժվարությամբ են գտնվել, քանի որ թաղված են եղել ավազի մեջ, իսկ որոշների մոտ քայքայման նշաններ են եղել», - ասել են Կարմիր մահիկից:
Միջադեպը տեղի է ունեցել Ռաֆահ քաղաքի Թալ ալ-Սուլթան շրջանում մի քանի օր անց այն բանից հետո, երբ իսրայելական հարձակումը վերսկսվել է հարավային շրջանում՝ Եգիպտոսի սահմանի մոտ:
Շաբաթ օրը Կարմիր մահիկը մեղադրել է իսրայելական իշխանություններին իր անձնակազմին գտնելու որոնողական աշխատանքներին խոչընդոտելու մեջ: Իսրայելի զինվորականները խոստովանել են, որ իրենց զորքերը կրակ են բացել շտապօգնության մեքենաների վրա։





























