Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 02:00-ի դրությամբ հրապարակել է Գյումրիի ընտրությունների արդյունքները 82 ընտրատեղամասերից միայն 18-ից, այսինքն՝ սա ընտրատեղամասերի նույնիսկ մեկ քառորդը չէ։ ԿԸՀ կայքի տվյալները չափազանց դանդաղ են թարմացվում, թեև քվեարկությունն ավարտվել է 6 ժամ առաջ։
18 ընտրատեղամասերի տվյալներով՝ իշխող կուսակցությունը՝ Քաղաքացիական պայմանագիրը (քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան) առաջատարն է՝ 36,05% (3067 ձայն)։ Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է (նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), որը ստացել է ձայների 19,48%-ը (1658)։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մեր քաղաքը» դաշինքը (պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 15,61% (1328) արդյունքով։
Այնուհետև ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան) – 9,92% (844 ձայն), «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան) – 7,02% (598), «Եվրադաշինք» (Լևոն Բարսեղյան) – 4.93% (420), «Ապրելու երկիր» կուսակցություն (Կարեն Մալխասյան) – 3,44% (293), «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցություն (Արտեմ Ղարաղազարյան) - 2,26% (193), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (Արտյոմ Թումանյան) – 1,24% (106)։




























