Ըստ այս պահին առկա տվյալների՝ Գյումրիի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարող ընդդիմադիր ուժերը միասին կունենան 19, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 14 մանդատ։ Այս մասին NEWS.am-ի զրույցում հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Ընտրական օրենսգրքով նախատեսված է բանաձև, որի միջոցով հաշվարկվում է, թե որ ուժը որքան մանդատ է ստանալու։ Ըստ այս պահին առկա տվյալների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» (առաջին համարը՝ Սարիկ Մինասյան) ստանում է 14 մանդատ, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» (առաջին համարը՝ Վարդան Ղուկասյան)` 8 մանդատ, «Մեր քաղաքը» դաշինքը (առաջին համարը՝ Մարտուն Գրիգորյան)՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (առաջին համարը՝ Ռուբեն Մխիթարյան)` 3 մանդատ, իսկ «Մայր Հայաստան» դաշինքը (առաջին համարը՝ Կարեն Սիմոնյան)` 2 մանդատ։ Մյուս 4 ուժերը չեն հաղթահարում անցողիկ շեմը (կուսակցությունների դեպքում՝ 4%, դաշինքների դեպքում՝ 6% - խմբ.):
Այս պարագայում ընդդիմադիր ուժերը միասին վերցրած մեծամասնություն են կազմելու՝ ստանալով 19 մանդատ, իշխող կուսակցությունը՝ 14 մանդատ (ընդհանուր՝ 33 ավագանի): Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին ընդդիմադիր համայնքապետ կունենա։ Եթե որևէ արտառոց դեպք չլինի, արդյունքները չբողոքարկվեն, ավագանու առաջին նիստը պետք է կայանա ապրիլի 16-ին։ Այդ նիստում էլ պետք է տեղի ունենա համայնքի ղեկավար ընտրություն»,- նշեց Մելոյանը։





























