Ներկայացնում ենք 10 ամենանշանակալի իրադարձություններն աշխարհում NEWS.am-ի վարկածով.
1.Արաբական գարուն
Արաբական գարունը սկսվեց Թունիսից, որտեղ նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին, որն իր պաշտոնը զբաղեցնում էր վերջին 27 տարին, հունվարի 14-ին լքեց երկիրը զանգվածային խռովությունների արդյունքում: Եգիպտոսում զանգվածային բողոքի ալիքը Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ մի շարք այլ քաղաքներում փետրվարի 11-ին հանգեցրին նախ կառավարության, ապա նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին: Մուբարաքը պաշտոնը զբաղեցնում էր 1981 թվականից: Փետրվարի 15-ից Լիբիայում զինված պայքար սկսեցին Մուամար Քադաֆիի հակառակորդները, որոնց աջակցեցին ՆԱՏՕ-ի ուժերը: Ջամահիրիայի առաջնորդը սպանվեց մարտում հոկտեմբերի 20-ին:
2. Երկրաշարժը Ճապոնիայում
9-ից 9,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցավ մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արեւելյան ափերի մոտ: Այն կործանիչ ցունամիի պատճառ դարձավ: Ալիքների բարձրությունը հասավ 10 մետրի, խափանումներ գրանցվեցին մի քանի ատոմակայանների աշխատանքում: 15 597 մահացած, 5694 վիրավոր, 4980 անհետ կորած (հուլիսի 20-ի դրությամբ): Տնտեսական վնասը գնահատվեց 309 միլիարդ դոլար: Մարտի 12-ին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում պայթյուն եղավ: Ռադիացիայի մակարդակը կայանի մոտ նորման գերազանցեց 20 անգամ:
3. Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքը
Ապրիլի 29-ին արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը պաշտոնապես ամուսնացան: Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Վեստմինստերյան աբբայության Տաճարում: Արքայազն Ուիլյամն աբբայություն եկավ եղբոր` Հարրիի հետ: Ուիլյամը հագել էր Իռլանդական գվարդիայի գնդապետի համազգեստ: Եկեղեցական արարողությունը տեւեց մոտ մեկ ժամ, ապա հարսանիքը շարունակվեց Բուկինգհեմյան պալատում:
4. Սպանվեց թիվ 1 ահաբեկիչը
«Ալ-Քաիդայի» պարագլուխ, թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը սպանվեց մայիսի 1-ին Պակիստանում, ամերիկյան ծովային հետեւակի հատուկ գործողության արդյունքում: Հատուկ ծառայությունները մի քանի տարի հետեւում էին բեն լադենին եւ գտան նրան Իսլամաբադի մոտ, պաշտպանվող ամրոցում: Ահաբեկչի ոչնչացման սենսացիոն նորությունը հայտնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
5. Կրկնակի ահաբեկչությունը Նորվեգիայում
Նորվեգիայում հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն եղավ, որին զոհ գնաց 77 մարդ: Նախ Օսլոյում` կառավարական շենքերի համալիրում պայթյուն որոտաց, զոհվեց 8 մարդ: Մի քանի ժամ անց հանցագործը սպանդ իրականացրեց Ուտոյա կղզում գտնվող երիտասարդական ճամբարում, սպանվեց 69 մարդ: Անդերս Բրեյվիկը առաջին իսկ հարցաքննությունների ընթացքում խոստովանեց իր արարքը, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում: Բրեյվիկի գոծով լսումները սկսվելու են 2012թ. ապրիլի 16-ին:
6. Զոհվեցին «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի մարզիկները
Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմը սեպտեմբերի 7-ին ավիավթարի ենթարկվեց: ՅԱԿ-42 ինքնաթիռը, որով մարզիկները մեկնում էին Մինսկ, ընկավ վերելքից հաշված րոպեներ անց: Վարկածներից մեկով, ինքնաթիռին չէր բավարարել թռիչքուղին: Զոհվեց 44 մարդ:
7. Մահացավ Apple-ի հիմնադիրներից Սթիվ Ջոբսը
Apple-ի հիմնադիրներից Սթիվ Ջոբսը մահացավ հոկտեմբերի 5-ին` կյանքի 57-րդ տարում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Թեեւ աշխարհը գիտեր նրա հիվանդության մասին, Ջոբսի մահվան լուրը շոկ էր շատերի համար: Ջոբսի գործընկեր Սթիվ Վոզնյակը նրա մահը համեմատեց Ջոն Լենոնի կամ Ջոն Քենեդու սպանությունների հետ: Ջոբսը Apple, iPhone եւ iPad ապրանքանիշները պաշտամունքի առարկա դարձրեց միլիոնավոր մարդկանց համար:
8. Մոլորակի վրա ծնվեց 7 միլիարդերորդ բնակիչը
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով, Երկրի բնակչությունը հոկտեմբերի 31-ին գերազանցեց 7 միլիարդը: Մոլորակում ամեն րոպե 260 երեխա է ծնվում, ուստի հնարավոր չէր հաշվել, թե հենց որտեղ է ծնվել 7 միլիարդերորդ բնակիչը: Այդ կապակցությամբ տոնական միջոցառումներ եղան մի քանի երկրներում: ՄԱԿ-ը 7 միլիարդերորդ բնակիչ ճանաչեց Ֆիլիպիններում ծնված Դանիցա Մեյ Կամաչոյին:
9. Հրաժարական տվեց Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին
Իտալիայի սկանդալային վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նոյեմբերի 12-ին հրաժարական տվեց: Բեռլուսկոնին Իտալիայի ամենաազդեցիկ մեդիամագնատն է, նրան են պատկանում մի քանի խոշոր հեռուստաալիքներ եւ պարբերականներ: Նա նաեւ «Միլան» ակումբի սեփականատերն է:
10. Մահացավ Կիմ Չեն Իրը
Դեկտեմբերի 17-ին 69 տարեկան հասակում մահացավ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեմ Իրը: Նրա դին ամփոփվեց Փհենյանի դամբարանում, որտեղ գտնվում էր նրա հոր` ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի աճյունը:




























