Ներկայացնում ենք 2011 թվականի 10 ամենանշանակալի իրադարձությունները Հայաստանում NEWS.am-ի վարկածով.
1. Կառավարող կոալիցիայի անդամները նոր հուշագիր ստորագրեցին
Կառավարող կոալիցիայի անդամները` Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները կոալիցիոն նոր հուշագիր ստորագրեցին: Այսկերպ հանգուցալուծվեց 2013-ի նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգը. Կոալիցիայի բոլոր մասնակիցները ընտրություններին կաջակցեն գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հացադուլը
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ին հացադուլ սկսեց Ազատության հրապարակում` 15 օր անցկացնելով այնտեղ: Նա 15 կետից բաղկացած պահանջների ցանկ ներկայացրեց իշխանությանը: Իշխանական կուսակցությունները նման քայլն անհիմն համարեցին, իսկ արմատական ընդդիմությունը հայտարարեց, որ Հովհաննիսյանն իր այդ քայլով ցանկանում է ընտրազանգված գրավել: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն չաջակցեց Րաֆֆի Հովհաննիսյանին, այլեւ անգամ չմոտեցավ նրան Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ:
3. Արտախորհրդարանական ընդդիմությունը վերադարձավ Ազատության հրապարակ
Մարտի 17-ին տեղի ունեցավ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքը Ազատության հրապարակում: Առաջին նախագահը 3 կետ ներկայացրեց, որոնց կատարման դեպքում հնարավոր է երկխոսություն իշխանությունների հետ:
4. Հայտարարվեց համաներում
Մայիսի 25-ին Հայաստանում համաներում հայտարարվեց, որը տարածվում էր նաեւ 2008թ. մարտի 1-ի գործով դատապարտված Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի վրա: Համաներման արդյունքում ազատության մեջ հայտնվեցին տարբեր գործերով դատապարտված մի քանի հարյուր անձինք:
5. Ղարաբաղյան կարգավորման գործընթաց
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երկու հանդիպում ունեցան` Սոչիում եւ Կազանում:
Հունիսին տարածաշրջան այցելեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով կողմերին ներկայացրեց Ռուսաստանի նախագահի առաջարկները: Դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում հայտարարություն ընդունվեց, ըստ որի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստ են առաջիկայում հանդիպել եւ շարունակել բանակցությունները:
6. Իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը
Իշխանությունն ու Հայ ազգային կոնգրեսը հուլիսի 18-ին երկխոսություն սկսեցին պատվիրակությունների մակարդակով: Հանդիպումները արմատական փոփոխությունների չհանգեցրին, սակայն պարպեցին հասարակական լարվածությունը: ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների պահանջ էր ներկայացրել: Օգոստոսի 9-ի միջադեպից հետո, երբ ձերբակալվեցին ՀԱԿ-ի ակտիվիստները, արմատական ընդդիմությունն առկախեց երկխոսության գործընթացը:
7. Բարձրաստիճան պաշտոնյաների աղմկոտ հրաժարականները
2011-ն առանձնացավ մի շարք պաշտոնյաների աղմկոտ հրաժարականներում: Սեպտեմբերի 9-ին հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, հոկտեմբերին` Երեւանի քաղաքապետ կարեն Կարապետյանը: Նոյեմբերին հրաժարականների ալիքը հասավ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, խորհրդարանի նախագահ հովիկ Աբրահամյանին, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանին: Նախագահի աշխատակազմը գլխավորեց Վիգեն Սարգսյանը, քաղաքապետ դարձավ Տարոն Մարգարյանը, ոստիկանապետ`Վլադիմիր Գասպարյանը:
8. Հայաստանը նշեց Անկախության 20-ամյակը
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց Անկախության 20-ամյակը: Տոնական շքերթին ներկայացվեցին սպառազինության նոր տեսակներ, զենիթային С-300 համալիրներ: Շքերթի իսկական սենսացիան դարձավ հայկական արտադրության անօդաչու «Կռունկ» թռչող սարքը:
9. Կայացավ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը
Կովկասի մահմեդական հոգեւոր վարչության նախագահ, Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր փաշազադեն նոյեմբերի վերջին այցելեց Հայաստան` մասնակցելու ԱՊՀ Միջկրոնական խորհրդի հանդիպմանը: Նիստի շրջանակներում կայացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Փաշազադեի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եռակողմ հանդիպումը:
10. Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծը ներկայացրել էր Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն: Այժմ օրինագիծը ներկայացվելու է Սենատի քննարկմանը: Օրենքով 45 հազար եվրո տուգանք եւ 1 տարվա ազատազրկում է սպառնում Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներին:




























