Հայաստանում 2011 թվականին տնտեսական առումով խոշոր ձեռքբերումներ չեն եղել: Կան իհարկե փոքր, որոշ դրական հաջողություններ, բայց դրանք ձեռքբերումներ անվանել չի կարելի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը` ամփոփելով 2011 թվականը:
Նրա խոսքով, փոքր հաջողությունների շարքին կարելի է դասել մասնավորապես արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի նախնական տարբերակի մշակումը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին որոշակի լծակներով օժտելը: «Հավանաբար հարկային փաթեթով 101 միլիարդ դրամի հավելյալ մուտքեր ապահովելու խնդիրը, որ ձեւակերպվեց: Դրանք, սակայն, դեռեւս գործադրման մեջ պետք է դիտարկել»,- նշեց պատգամավորը:
«Իսկ կորուստներ կարելի է համարել բնակչության կենսամակարդակի շարունակական անկումը, Հայաստանի տնտեսական մրցունակության շարունակվող ցածր մակարդակը եւ մենաշնորհային աստիճանի խորացումը, եկամուտների բեւեռացվածությունը, նաեւ արտագաղթի աճող տեմպերը»,- արձանագրել է Արծվիկ Մինասյանը:
Վերջինիս ակնկալիքները 2012-ից կախված են ընտրությունների ընթացքից: «Կարծում եմ` ընտրություններից է կախված շատ բան: Նայած թե ինչ տնտեսական քաղաքականություն կորդեգրի Հայաստանի ապագա կառավարությունը, եւ կուզենայի, որ բնակչությունը հենց այդ համատեքստում գնահատեր, թե ինչ նոր մոտեցումներ պետք է առաջարկեն թիմերը, որ կարողանան ճիշտ ընտրություն կատարել: Իսկ դա նշանակում է արմատական փոփոխություն տնտեսական քաղաքականության մեջ: Եթե արմատական փոփոխություն լինի, սա կդառնա 2012-ի ամենամեծ ձեռքբերումը»,- նշել է Մինասյանը:
Պատգամավորը նաեւ շնորհավորեց մեր ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը: «Մեր ժողովրդին մաղթում եմ, որ 2012-ին իրենք ավելի շատ եկամուտ ունենան, եւ փողոցներում հանդիպենք առավելապես ժպտացող հայերի, որոնք գոհ կլինեն իրենց կենսամակարդակից, շրջապատից, երկրից եւ, ամենակարեւորը, իշխանություններից»,- ամփոփեց Արծվիկ Մինասյանը:



























